BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Լևոն Տեր-Պետրոսյանի նոր նզովքը

Լևոն Տեր-Պետրոսյանի նոր նզովքը
11.04.2017 | 00:42

ilur.am կայքը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր խոսքը առ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ ու լրագրողներ: ՀԱԿ-ի ԱԺ-ում չհայտնվելուց հետո առաջին նախագահի երկրորդ գնահատականն է՝ երեք կետով: Նա նորից խոսում է հասարակությանը պառակտելու և հուսալքելու վտանգից, թեպետ հասարակությունը, որ չգնահատեց ժառանգությունը, համախմբումն ու հաղթանակը, պարզ ասաց, որ ելք է որոնում։ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է ընտրակաշառքով քվեարկության մեղքը բարդել իշխանության և բնավ կաշառվողի վրա ու իր գնահատականով՝ փակագծեր է բացում՝ ժողովրդավարական երկրներում ընտրությունների ելքը վճռում են ոչ թե պետական վարչամեքենան, մեծահարուստների դասը կամ լյումպենացված զանգվածը, այլ միջին խավը, Հայաստանի պես բռնապետություններում միջին խավը ոչնչացված է։

«Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի և քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը և հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում իրենց վերարտադրությունը»` ասում է նա, թերևս մոռանալով ՀԱԿ-ի անցած տասնամյակը, երբ երկխոսում ու համագործակցում էր իշխանության հետ: Ընտրակաշառք վերցնելու մեխանիզմն էլ պարզ է՝ «Հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը»։ Սա արդեն պաշտպանելով՝ վիրավորելու տարբերակն է՝ ժողովրդին անվանել ճորտ, ու պահանջել հարգել ճորտի իրավունքները: Երկրորդ դրույթով Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգություն է տեսնում հայաստանցիների և ղարաբաղցիների միջև սեպ խրելու միտումից, որ որակում է այլանդակություն ու եղկելի սադրանք։ Երրորդը 1992-1994-ին Արցախյան պատերազմի բնույթի թերընկալման միտումն է: Եվ այդ միտումը վերացնելու համար Լևոն Տեր-Պետրոսյանը նորից դառնում է Իլհամ Ալիևի փաստաբանը: Նա համարում է իմաստավորված միայն Արցախի առաջին պատերազմի զոհերին, իսկ 1998-ից հետո զոհերն արդարացված ու իմաստավորված չեն՝ արդյունք են ստատուս քվոյի պահպանման՝ Հայաստանի իշխանությունների անհեռանկար ու հանցավոր քաղաքականության։ Ո՞Ւր մնացին 1994-1998 թվականները, ինչո՞ւ չորս տարում նա ստատուս քվոն չվերացրեց: Այսինքն՝ դիպուկահարներին շփման գծից հետ չքաշող, ամեն օր կրակող Ալիևը կրակում է ոչ թե հայ զինվորի, այլ ստատուս քվոյի վրա՞: Մնում էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջեր անհապաղ սկսել սուբստանցիոնալ բանակցությունները, որ Ալիևի իղձն է: Բնականաբար՝ նախագահներից առաջինը կրկնում է, որ գործընթացի ձգձգումը և ստատուս քվոյի պահպանումը պատճառ է դառնալու նորանոր զոհերի, որոնք «որևէ արժեցող նպատակի չեն ծառայելու, քանի որ ավելի լավ լուծում, քան այն, ինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետև չի լինելու»՝ «Այլ բան ակնկալելը սին պատրանք է և մեծագույն հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Արցախի անկախությունը նո՞ւյնպես պատրանք ու հանցագործություն է: Առաջին նախագահը նաև վերականգնել է իր գնահատականները՝ գործող իշխանությանը նա նորից անվանում է ավազակապետություն: Թերևս՝ զարմացած, որ Մոսկվայի կամքը չկատարվեց ու ՀԱԿ-ը ԱԺ չմտավ, Սերժ Սարգսյանն էլ քավության նոխազ չի դառնում:

Դիտվել է՝ 1125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ